«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Նիկոլի գեներացված արժեքային համակարգի պտուղները

Նիկոլի գեներացված արժեքային համակարգի պտուղները
05.06.2023 | 07:51

Կարծես թե շատ եք զարմացել, որ կարմիր բերետավորն օրը ցերեկով նոկաուտի է ենթարկել ու գետին տապալել ՀՀ անպաշտպան քաղաքացուն։

Սա կատարվում է օրերս լայնորեն շրջանառված Դիլիջանի քրեականի պետի անբարո վարքագիծը դեռ չմարսած իրողության պայմաններում։

Իրականում՝ ոչինչ պատահական չէ, ոչ էլ՝ անտրամաբանական․

սրանք քաղաքական մեծամասնության և անձամբ Նիկոլի գեներացված արժեքային համակարգի պտուղներն են․ ամենաթողության, ցինիզմի և լպիրշության հերթական դրսևորումները:

Երբ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակայնորեն՝ ոչ տղամարդաբարո, թքում է ՀՀ քաղաքացու դեմքին ու անպատիժ մնում,

երբ ՔՊ ԱԺ քարտուղար Արթուր Հակոբյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա հարձակվում է «լեզուդ կկտրեմ» և բռնության այլ կոչերով ու մնում անպատիժ,

երբ կարտոֆիլի պարկերի դեմ մարտերում աչքի ընկած մեկ այլ տխրահռչակ ՔՊ-ական փողոցային կնգա բառապաշարով հոխորտում է ընդդիմադիր պատգամավորի վրա՝ «վեր ընգի տեղդ» ու շարունակում «մեծ» բաներից խոսել, մնալով անպատիժ,

երբ ԱԺ նախագահը՝ իմպոտենտ տանտիրոջ պահվածքով, ընդդիմադիր պատգամավորներին լռեցնելու համար մերթ ընդ մերթ «տղա ա բերում» ԱԺ դահլիճ ու դա համարում նորմալ,

երբ Նիկոլը հրապարակայնորեն սեռական հայհոյանքներ է հնչեցնում, դատավորներին վնգստացող ասում ու սեփական ժողովրդին պատերին ծփելու հրահանգներ հնչեցնում և ոչ միայն մնում անպատիժ, այլև պատվիրատու ժողովրդավար տերերի մոտ ժողովրդավար բրենդ դառնում,

երբ ՀՀ դատախազը տարեկան զեկույց է ներկայացնում, և այդ զեկույցում այդպես էլ տեղ չեն գտնում ընդդիմադիրների նկատմամբ բռնություն իրականացրած ոչ մի ոստիկանի դրվագ,

երբ այդ նույն դատախազին ասում ես, որ պատրաստ ես ոստիկանական բաժանմունքում քո ներկայությամբ տեղի ունեցած բռնության կապակցությամբ ցուցմունք տալ, իսկ ինքը շարունակում է ԱԺ ամբիոնից՝ լատինաամերիկյան հեղափոխականի խստաբարո դեմքով անաչառի կերպար կերտել ու այդպես էլ չհետաքրքրվել քո ցուցմունքներով,

երբ ԱԺ ամֆիթատրոնից գլադիատորական պահվածքով Վահագն Ալեքսանյանն ու ընկերներն իջնում են հարթակ ու ընդդիմադիր պատգամավորներին կենդանաբարո աքացի տալիս ու հայհոյանքներ հնչեցնում, ու մնում անպատիժ, թերևս՝ խրախուսված,

երբ ԱԺ Անվտանգության ծառայության պետը մազերից քարշ տալով ընդդիմադիր կին պատգամավոր է հանում դահլիճից, ու շարունակում «տղամարդու» պես քայլել․․․

երբ անպատիժ է մնում այն կարմիր բերետավորը, որն ուղիղ մեկ տարի առաջ ընդդիմադիր իրավաբան-պատգամավոր էր խեղդել․․․

ունենում ենք այն, ինչ ունենք։

Ահա, թե ինչու են նրանք ձեր հարկերից պարգևատրվում այդքան առատորեն։

Նրանք այս ապազգային, հայրենադավ ռեժիմն են պահում, ոչ թե՝ ԵՐԿԻՐԸ։

Իսկ այս ռեժիմը, բոլոր ռեժիմների պես, մի օր փլուզվելու է, ու ձեզ չի փրկի անգամ ոհմակներուվ շրջելը։

Գալու է պատասխան տալու ժամանակը․ առայժմ երկիրը պաշարված է ներսից և դրսից, ջնջված են բարոյական բոլոր սահմանները․․․

Ամոթ մեզ, որ հանդուրժում ենք։

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ